ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական «Կրակեն» նեոնացիստական կազմավորումը կորցրել է մարտունակությունը ռուս զինվորականների հարվածների հետևանքով, կորուստները շտապ լրացնելու համար «Կրակենի» հրամանատարները Խարկով քաղաքի բնակիչներին ապարդյուն փորձում են ստիպել խմբավորման անդամ դառնալ, այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ոչնչացվել են 66-րդ, 110-րդ մեքենայացված և 56-րդ մոտոհրաձգային բրիգադների զինամթերքի պահեստները, Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի հինգ պահեստ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շրջաններում։
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում խոցվել են «Ուրագան» ՀԿՌՀ-ի մարտկոցը, «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքների մարտկոցը, ինչպես նաև ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ների մարտական մեքենաներ Կրամոտորսկի շրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և ռուսական զինված ուժերի հրետանու հարվածներով մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական զինուժի կառավարման հինգ կետ, այդ թվում՝ «Սոլեդար» օպերատիվ-մարտավարական խմբինը ԴԺՀ-ում, և Ուկրաինայի զինված ուժերի 63-րդ մեքենայացված բրիգադինը Խերսոնի մարզի Բելայա Կրինիցայի շրջանում, ինչպես նաև կենդանի ուժ և տեխնիկա՝ հատուկ գործողության 117 շրջաններում, հայտնել են գերատեսչությունում:
«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է... համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 791 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3 276 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4 774 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասված Է փաստաթղթում:
Նշվում է, որ ոչնչացվել է նաև 263 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1 708 ԱԹՍ, 363 զենիթահրթիռային համալիր, 4 269 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 166-րդ օրը։