ՇՕ. հայ շախմատիստներն այսօր ուժերը կչափեն ադրբեջանցիների հետ

Նախքան 10-րդ տուրը Հայաստանի տղամարդկանց հավաքականն ու Հնդկաստանի երկրորդ թիմը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կայացած 9 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 15 միավորով կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ կանանց ընտրանին 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։
10-րդ տուրում Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ:

Տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Հադիր Հուսեյնովի, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նիյատ Աբասովի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախորդ՝ 9-րդ տուրում, կրել է առաջին պարտությունը՝ 1:3 հաշվով զիջելով Ուզբեկստանին:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) և ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ:
9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 16 միավորով գլխավորում է Ուզբեկստանի ընտրանին, Հնդկաստանի երկրորդ թիմն ու Հայաստանի հավաքականը 15 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:
Կանանց հավաքականի կազմում Էլինա Դանիելյանը կմրցի Գյունայ Մամեձադեի, Լիլիթ Մկրտչյանը՝ Խանիմ Բալաջաևի, Աննա Սարգսյանը՝ Գովհար Բեյդուլաևայի, Սուսաննա Գաբոյանը՝ Գյուլնար Մամեդովայի հետ:
Նախորդ՝ 9-րդ տուրում, կանայք մրցել են ռումինացիների հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել։
Ադրբեջանցիների տղամարդկանց ու կանանց հավաքականներն ունեն 14-ական միավոր։
10-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Օլիմպիադայում կկայանա 11 տուր, այն կավարտվի օգոստոսի 10-ին։