ՌԱԴԻՈ

Պետք չէ ՀԷԿ-երից պահանջել մեծ տուգանքներ, բայց վերահսկելն անհրաժեշտություն է

ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահը վստահեցնում է` ՀԷԿ-երում ջրի թողքի դրվածքային սանիտարական նորմերը պահպանելու դեպքում կունենանք բավականին լավ միկրոֆլորա։
Sputnik
ՀԷԿ-երի պարագայում շրջակա միջավայրի վրա ազդեցության բոլոր նորմերի պահպանությանը վերաբերող որոշումը միանգամայն ճիշտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։
Նշենք` ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությունից հետո Հայաստանում կառուցվող բոլոր ՀԷԿ-երը` անկախ դրանց հզորությունից, պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցնեն։
«ՀԷԿ-երի աշխատանքային նախագծերի համաձայն` դրանք պետք է ունենան սանիտարական թողքեր, սակայն սակավաջրության պատճառով ՀԷԿ-երը փորձում են մնացորդային ջուրն էլ օգտագործել, նրանց էլ կարելի է հասկանալ, նրանք էլ ունեն պարտավորություններ էներգետիկայի ոլորտում արտադրանքի կոնկրետ քանակ ապահովելու առումով»,- ասաց Նահապետյանը։
Նա նշեց, որ Հայաստանում գործում է 220 փոքր ՀԷԿ, ինչը բավականին մեծ ծավալ է Հայաստանի գետերի, ջրամբարների վրա։ Վերջին տարիներին գրանցվում է բավականին լուրջ սակավաջրություն, ինչը հարուցում է մեծ պրոբլեմներ։ Այն կայանները, որոնք կառուցվել են խոշոր գետերի վրա, ունեն արտադրանքի բավականին մեծ կորուստներ։
Ըստ Նահապետյանի` եթե ստացվի հասնել նրա, որ ՀԷԿ-երում ջրի թողքի դրվածքային սանիտարական նորմերը պահպանվեն, ապա կունենանք բավականին լավ միկրոֆլորա, գետերը չեն չորանա։
Միության նախագահի գնահատմամբ` նախարարության նախաձեռնությունը բավականին ողջունելի է, բայց չի կարելի սեփականատերերից պահանջել մեծ տուգանքներ, եթե նրանք արտադրում են փոքր ծավալով էլեկտրաէներգիա։
«Նոր կառուցվող կայանները շատ քիչ են, գետերի վրա չեն մնացել հզոր կայաններ կառուցելու տեղեր, առավել ևս չեն կառուցվել այնպիսի ՀԷԿ-եր, որոնց աշխատանքի արդյունքում գետերի հունը փոխվել է։ Կարևորը բարձրությունն է ու ջրի քանակը։ Պետք է հասկանալ, որ ՀԷԿ-երը ջրի պաշարներ չեն սպառում, որքան ջուր մտնում է կայան, այդքան էլ դուրս է գալիս ու նորից թափվում գետի մեջ։ Երբևէ չի լինում նաև ջրի որակի փոփոխություն»,- ասաց նա։
Նահապետյանի խոսքով` հավելյալ ՀԷԿ-եր կառուցելու անհրաժեշտություն չկա, եղած քանակն էլ բավարար է։
Հիշեցնենք, որ նախկինում միայն 1 ՄԳՎտ հզորությունը գերազանցող ՀԷԿ-երն էին ենթարկվում ՇՄԱԳ-ի, մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությունից հետո բոլորը ենթական են այդ գործընթացին, քանի որ նախարարության պնդմամբ` գետերում շատ վատ վիճակ է, հատկապես ՀԷԿ-երի շահագործման հետևանքով։