Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար

Վարդավանք-Ագարակ ճանապարհ. Արխիվային լուսանկար
Մեղրի համայնքի ղեկավարն ասում է, որ ռուս սահմանապահները հավելյալ ծառայություն են իրականացնում Մեղրիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Մեղրի խոշորացված համայնքում ռուս սահմանապահները 5 մոդուլային հենակետեր են տեղադրել, և ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
Նշենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, թե Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ է տեղադրվել։ Ըստ լուրերի` ռուսները ստուգում են բոլոր ավտոմեքենաները։

«Արդեն 8-9 ամիս է, ինչ մոդուլային 5 հենակետեր կան Մեղրիում` Մեղրի-Ագարակ ճանապարհին և ընդհանրապես Արաքսի ափով մեկ։ Արդեն 67 տարի է, ինչ ռուս սահմանապահ զորքերն այստեղ իրենց համապատասխան ստորաբաժանումներն ունեն և ծառայություն են իրականացնում։ Սակայն վերջին ամիսներին մոդուլային հենակետեր են տեղադրել, և սահմանապահները հավելյալ ծառայություն են մատուցում, որն ամրագրված է «Պետական սահմանի մասին» օրենքով»,–ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` իրավիճակից ելնելով ռուս սահմանապահները ժամանակ առ ժամանակ մեքենաները կանգնեցնում են և ստուգումներ իրականացնում։ Դա, ըստ Զաքարյանի, անվտանգության նկատառումներից ելնելով է արվում։
Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը ստեղծվել է 1955 թվականին։