ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Երևանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների, Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի: Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի։
Հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով անցկացված 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (International Mathematics Competition) մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, նրանցից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց):