Հայաստանի տնտեսական ակտիվությունն առաջին կիսամյակում աճել է 11,8%-ով

Երևան. սրճարան. Արխիվային լուսանկար
Ապրանքների և ծառայությունների պահանջարկն աճել է ինչպես ՀՀ տեղափոխվածների, այնպես էլ տեղացիների հետաձգված պահանջարկի պատճառով: Աշխատավարձերը հատկապես արագ են աճում են ռեստորաններում, հյուրանոցներում և հասարակական սննդի կետերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 11,8 տոկոսով։
Փետրվարից ի վեր տնտեսական աճը պայմանավորվել է առևտրի և ծառայությունների ոլորտների աճով։ Դա մասամբ պայմանավորված է Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելառուսից ՀՀ ժամանածների հոսքով: Տեղի բնակիչների շրջանում պահանջարկը արտահայտվել է հիմնականում 2020-21 թթ.-ին հետաձգված հատկապես խոշոր գնումների ու ծախսերի հաշվին:
Արդյունքում` առևտրի շրջանառությունն աճել է շուրջ 11%-ով, ծառայություններինը` 27%-ով, արդյունաբերության աճն կազմել 5,8%։
2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանման ծավալն աճել է 36%-ով` հասնելով 1 մլրդ 881,5 մլն դոլարի), ինչը հիմնականում պայմանավորված է պղնձի և մոլիբդենի խտանյութերի միջազգային գների շարունակական աճով։ Ներմուծումն աճել է 49%-ով՝ հասնելով 3 մլրդ 271 մլն դոլարի։
Միջին աշխատավարձը ևս սրընթաց աճել է` առաջին կիսամյակի արդյունքներով` 11,3%-ով և կազմել 235 200 դրամ։
Հատկապես արագ տեմպերով են ավելացել սպասարկման ոլորտի աշխատավարձերը։ Այսպես` 2022թ-ի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ ծառայությունների ոլորտում աշխատավարձերն աճել են 15.6%-ով (միջին աշխատավարձն այստեղ 140 000 դրամ է), հյուրանոցային և հասարակական սննդի ոլորտում՝ 10.8%-ով (114 000 դրամ)։
Օգոստոսի 2-ին կայացած ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշել էր, որ աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է հիմնականում գնաճային երևույթներով, ինչ իր հերթին ավելացնում է բիզնեսի ծախսերն ու կարող է հանգեցնել հայաստանյան արտադրության մրցունակության անկման։
Ըստ նրա` վերջին ամիսներին աշխատավարձերը նկատելիորեն աճում են ոչ թե արտադրողականության, այլ սպասարկման ոլորտում պահանջարկի ավելացման պատճառով։
ԿԲ–ի կանխատեսմամբ`ակտիվացած պահանջարկն աստիճանաբար վերադառնում է նորմայի սահմաններին, հետևաբար աշխատավարձի աճը կնվազի 11-12%-ից մինչև 6-7%: