ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը: Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմինը։
«Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաև արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեսչական մարմինը հայտարարել էր, որ նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել էր, որ նշված ապրանքատեսակը մանրէաբանական աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: