Աղվան Հովսեփյանը մշտական խնամքի կարիք ունի. որքա՞ն գրավ են առաջարկում պաշտպանները

Աղվան Հովսեփյան
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով` Աղվան Հովսեփյանի կալանքն անհամատեղելի է առողջական վիճակի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր քննարկվեց Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու` Երևանի ընդհանուր իրավասության որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Հովսեփյանը ներկա չէր նիստին, նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը շատ ծանր է, և նրա կալանքն անհամատեղելի է առողջական վիճակի հետ։
«Ավելի քան մեկ ամիս է, որ Հովսեփյանի առողջական վիճակի փորձաքննություն է նշանակված, սակայն այն դեռ չի սկսվել, հիմա պետք է նոր փորձագետներ ներգրավվեն։ Հովսեփյանն ունի մշտական խնամքի կարիք, ուզում եմ հասկանալ` ինչի են սպասում փորձագետները»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ միջնորդում են կալանքը գրավով փոխարինել` գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, բայց իրենք պատրաստակամ են մինչև 50 մլն դրամ վճարել։
Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը։
Դատարանը հեռացավ խորհդասենյակ, որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 9։30–ին։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը): Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։