Ուկրաինական նավահանգիստներից գյուղմթերքով չորս բեռնանավ է դուրս եկել

Նավերը տեղափոխում են արևածաղկի ձեթ, սերմեր ու եգիպտացորեն, հայտնել են Թուրքիայի ՊՆ-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Գյուղատնտեսական արտադրանքով բեռնված չորս բեռնանավ դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից և ուղևորվում են Ստամբուլ։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
«Դուրս են եկել ուկրաինական նավահանգիստներից։ Նավերը կանգ են առնելու Ստամբուլից հյուսիս ու Համակարգող համատեղ կենտրոնի կողմից ստուգում են անցնելու», - նշված է հրապարակման մեջ։
«Մուստաֆա Նեկատի» բեռնանավը Իտալիա է տեղափոխում վեց հազար տոննա արևածաղկի ձեթ, Star Helena-ն Չինաստան կհասցնի 45 հազար տոննա արևածաղկի սերմեր, Glory-ն ուղևորվում է Ստամբուլ 66 հազար տոննա եգիպտացորենով ու Riva Wind-ը, որը 44 հազար տոննա եգիպտացորենով կժամանի Իսքենդերուն:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: