ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոս- Sputnik. Երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում Հայաստանում գրանցված մահվան դեպքերի կեսը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։
Այս մասին է վկայում «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրքը։
Այսպես, 1990 թվականին այդ հիվանդություններից մահացել է 10 843 մարդ, 2021 թվականին այդ ցուցանիշն աճել է գրեթե 50 տոկոսով՝ կազմելով 16 589 մահ մեկ տարվա ընթացքում: Ընդ որում՝ 2021 թվականին մահվան այդ դեպքերի 50 տոկոսից ավելին բաժին է ընկել կանանց։
7 882 մահացածներից ավելի քան 50%-ը (4851) եղել են 70 և ավելի տարեկան, 60-69 տարիքային խմբում մահացել է1915, 50-ից 59՝ 783, 40-ից 49՝ 259, 30-ից 39՝ 50, 20-ից 29՝ 19 մարդ: Մինչև 18 տարեկան հասակում մահացել է 5 երեխա։
Որպես մահացության պատճառ առաջին տեղում են կորոնար անոթների հիվանդությունը և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունները: Եթե 1990 թվականին դրանցիցմահացել է 7 128 մարդ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 8056 մահ։
1990 թվականին սուր ինֆարկտից մահացել է 1916 մարդ։ Հաշվի առնելով 1990-ականների վերջից ՀՀ-ում գործող ստենտավորման ծրագիրը՝ այդ թիվը փոքր-ինչ կրճատվել է, 2021 թվականին դրանից մահացել է 1354 քաղաքացի։ Զարկերակային գերճնշման հետևանքով առաջացած բարդություններից 2021 թվականին մահացել է 1003 մարդ, մինչդեռ 1990 թվականին այդ ցուցանիշը 2014 էր:
Նորագոյացությունները սկսել են ավելի շատ սպանել
Մահացության պատճառների երկրորդ տեղում են նորագոյացությունները, այդ թվում՝ չարորակ։ Վերջին տարիներին այս ցուցանիշը աճել է 50%-ով: Այսպես, 1990 թվականին նորագոյացություններից (3541), այդ թվում՝ չարորակ (3484) մահացել է 7 022 քաղաքացի։ 2021 թվականին այդ թիվը կազմել է 10 598, որից 5266-ը՝ չարորակ։ 2021-ին դրանցից մահացածների կեսից շատը տղամարդիկ էին՝ 5856 դեպք։
Երրորդ տեղը մահվան ամենատարածված պատճառների ցանկում զբաղեցնում են շնչառական համակարգի հիվանդությունները։ Այդ ցուցանիշը 1990 թվականից նույնպես աճել է։ 1990-ինդրանից մահացել է 1784 մարդ, 2021 թվականին՝ 2895։ Մարսողական համակարգի հիվանդություններից 1990 թվականին մահացել է 747 քաղաքացի։ 2021 թվականին այդ ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 1250:
Շատ մարդ է մահանում նաև էնդոկրին համակարգի խնդիրներից․ 1990 թվականին այդ թիվը կազմել է 565, շաքարային դիաբետին բաժին է ընկել 495 մահ: 2021 թվականին ցուցանիշները փոքր-ինչ նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 422 և 392։
Մայրական մահացություն ու COVID
Վերջին տարիներին ավելացել է նաև մայրական մահացության թիվը։ Այսպես, 1996 թվականին այն կազմել է 19.8՝ 100 հազար մարդու հաշվարկով։ 2021 թվականին այդ ցուցանիշն ավելացել է՝ կազմելով 46.4։ Նույն 2021 թվականին բոլոր պատճառներով մահացել է 17 ծննդկան, վերջին երեք տարում այդ թիվը կազմել է 33:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա 2021 թվականին COVID-19-ի բարդություններից մահացել է 5 442 մարդ (2826 կին, 2616 տղամարդ): Ընդ որում, ամենաշատը մահացել են 70 և ավելի մեծ տարիքային խմբում՝ 3216։ Ամենաքիչը COVID-ը մահվան պատճառ է դարձել 20-29 տարեկան անձանց համար, այդ խմբումհիվանդությունից մահացել է 14 մարդ (8 կին ու 6 տղամարդ):
Նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում բնակչության մահացության թիվն ավելացել է՝ 1990 թվականի 21 993 հազարից 2021 թվականին հասնելով 34 388-ի։