ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում` Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նիստի աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 6-ին։
Նիստի երկրորդ օրը քննարկվել են գյուղատնտեսության և պարենային համակարգի կայուն զարգացմանը, հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավմանը վերաբերող հարցեր։ Զեկույցով է հանդես եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Դիլիջանում ավարտվել է տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը
Փոխնախարարն անդրադարձել է պարենային համակարգի կայուն զարգացման Կառավարության ծրագրերին։ Ներկայացվել են գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նպատակները, առաջնահերթությունները, մարտահրավերներն ու ընթացիկ ծրագրերը։ Նա հիշեցրել է, որ 2021թ. գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 933 միլիարդ ՀՀ դրամ, արձանագրվել է աճ։
«Ընդգծվել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում տարեկան 2 տոկոսով սարքավորումների թարմացում է իրականացվում. այսօր ՀՀ-ում առկա է ավելի քան 26000 միավոր գյուղտեխնիկա, ինչի շնորհիվ բարձրացել է, օրինակ` պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման գծով արտադրողականությունը։ Նշվել է նաև ինտենսիվ այգիների հիմնման և գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրերի արդյունավետությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Խոսվել է նաև հողային բարեփոխումների միջոցով գյուղատնտեսության մրցունակության բարելավման մասին, նշվել է, որ այն միտված է հողերի կտրտվածության, ոռոգման ջրի և ֆինանսական ռեսուրսների ցածր հասանելիության, ենթակառուցվածքների թույլ զարգացվածության, սեփականության փոխանցման գործընթացի բարդության խնդիրների հաղթահարմանը։
Դիլիջանում ավարտվել է տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստը
Այդ նպատակով արդեն իսկ գործում են պետական աջակցության ծրագրեր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և այլն։ Նախատեսվում է նաև իրականացնել փորձնական ծրագիր 4 բնակավայրում՝ հողերի կոնսոլիդացիայի, առցանց հարթակի միջոցով իրավական փաստաթղթավորման գործընթացներին աջակցելու և այլ գործիքների կիրառմամբ։
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նկատել է` հողերի չօգտագործման առաջնահերթ պատճառը հողերի շուկայի բացակայությունն է, և հողային բարեփոխումը պետք է միտված լինի նախևառաջ դրա ձևավորմանը։