Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը

Հիվանդանոց
ԱԱԾ ծառայողը գլխի շրջանում էր վիրավորում ստացել. նա այդպես էլ դուրս չեկավ կոմայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր»,- ասաց Կուրղինյանը։
Նշենք, որ ԱԱԾ ծառայող Սամվելը գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ Նա Ապարանի կրակոցների երրորդ զոհն է։
Հունիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել էին 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը և Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր և աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։
Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև: Ըստ այդ լուրերի` վիճաբանության ընթացքում ՔՊ-ական պատգամավորների հարազատները ավտոմատներով կրակել են Փաշինյանին հայհոյած երիտասարդների վրա:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը գրառում արեց ֆեյսբուքյան իր էջում` վստահեցնելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ։
Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց` ընդգծելով, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։ Դեպքի առթիվ հարուցված քրգործով կալանավորվել է մեկ անձ` Հայկ Հովհաննիսյանը։