ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու խաղահրապարակում խաղալու ժամանակ 11-ամյա տղան բարձրացել է մետաղյա չգործող տնակի տանիք, որպեսզի ծառի ճյուղից իջեցնի գնդակը և անզգուշաբար վայր է ընկել, հայտնում է shamshyan.com-ը։
Օգոստոսի 4-ին, ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա, որը գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 11-ամյա Ռ. Բ-ն էր։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։