ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը առանձնազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
«Միասին աշխատում ենք դեէսկալացիան ապահովելու ու կապերի հաստատման ուղղությամբ»,– գրել է Միշելը։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն օգոստոսի 3-ին Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արել Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Օգոստոսի 4-ին Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված իր մտահոգությունն էր հայտնել նաև ԱՄՆ–ն։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ–ն նույնպես ծայրահեղ մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։
Հավելենք, որ օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։