«Խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր. ՀՀԿ գործադիր մարմին

Սերժ Սարգսյան
Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի` միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի «ժողովրդավարական բարեփոխումները» գովերգող միջազգային դերակատարները ցանկություն չունեն զսպելու ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները։ Նման հայտարարություն է արել ՀՀԿ գործադիր մարմինը` նշելով, որ Հայաստանի և Արցախի շուրջ վերջին զարգացումները կրկին ապացուցում են, որ «խաղաղության դարաշրջանը» հերթական մանիպուլյատիվ փուչիկն էր, որը ներկայիս իշխանությունը հրամցնում էր հայ ժողովրդին:

«Այս էլ որերորդ անգամ ակնհայտ է դառնում Հայաստանի գործող վարչակազմի վարած արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը` խարսխված արկածախնդրության, անպատասխանատվության և հայրենադավության վրա... իսկ ռազմավարական դաշնակցի հետ խառնիճաղանջ հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 2018-ի իշխանազավթումից հետո, նպաստել և նպաստում են ստեղծված իրավիճակին»,- ասված է հայտարարությունում։

ՀՀԿ-ն ընդգծում է, որ հայ ժողովուրդն իրականում տեղեկացված չէ այն անդրկուլիսյան պայմանավորվածությունների մասին, որ իր թիկունքում ձեռք են բերել ՀՀ կառավարության «կապիտուլյանտ ղեկավարն ու նրա վարչախումբը»:
«Ադրբեջանական վայրագությունների հերթական առիթ հանդիսացող խնդիրը, այն է՝ Բերձորի միջանցքի հարցը, Հայաստանի իշխանությունների ապիկար, հայրենադավ քաղաքականության ապացույցներից մեկն է: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին 3 տարվա ընթացքում ընդամենը նախագծել Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհ և ոչ թե այդ միջանցքից աշխարհագրորեն դուրս գտնվող երթուղու կառուցման պարտավորություն ստանձնել: Հարց է առաջանում` ո՞ւմ հավանությամբ է Հայաստանի իշխանությունների լուռ համաձայնությամբ ամիսներ շարունակ կառուցվել այդ երթուղու մի հատվածը»,- նշում է կուսակցության գործադիր մարմինը։
ՀՀԿ-ն շեշտում է, որ պարտվողական քաղաքականության ակնբախ դրսևորում են Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ հանցավոր անգործությունը, Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելը, Արցախի զինաթափմանն ուղղված քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին և հայտարարություններին զուգահեռ։
ԳՄ-ն համոզված է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը գործող իշխանությունների անհապաղ հրաժարականն է, ինչը թույլ կտա զրոյացնել հայ ժողովրդի թիկունքում տրված բոլոր խոստումները, վերսկսել բանակցային գործընթացը` վերահաստատելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ռազմավարական դաշնակցի և գործընկերների մոտ: