Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյի գրառումը

 «Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը
«Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը. Արխիվային լուսանկար
Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահարը «Ինստագրամի» իր էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ելույթն ու հիացական մեկնաբանություն թողել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Բրայան Մեյն այս մասին հայտարարել է «Ինստագրամի» իր էջում։
Նա հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` «Bohemian Rhapsody» երգի կատարումը և շատ դրական գնահատել։
«Անդիմադրելի են։ Սա Հայաստանի Տավուշի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Սթարմուսը» կանչում է»,- գրել է նա։
Նշենք, որ վերջերս Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ ելույթներն ուղղակի իրարանցում առաջացրին սոցցանցերում։ Ամենաշատը տարածվեց հենց «Queen»-ի երգացանկից «We Will Rock You» կատարումը։ Երգչախմբի խմբավարն այժմ Մարիա Գալստյանն է։
Հավելենք, որ այս տարի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS» փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ 2019 թվականին հանդես է եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպվում է «50 տարի Մարսի վրա» խորագրով։