Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ. Մենենդես

Բոբ Մենենդեսը. Արխիվային լուսանկար
Ամերիկացի սենատորը շեշտում է՝ ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առնչությամբ:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլև ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։
Հավելենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։