Տոկիոն Պեկինին բողոքի նոտա է հղել․ հրթիռներ են ընկել Ճապոնիայի տնտեսական գոտում

Չինաստանի դրոշը
Այսօր պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի կառավարությունը խիստ բողոք է հղել Չինաստան այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից արձակված հինգ հրթիռներ ընկել են ճապոնական տնտեսական գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ճապոնական Kyodo լրատվական գործակալությանը։
Միջադեպի կապակցությամբ փոխարտգործնախարար Տակեո Մորին հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայում Չինաստանի դեսպանի հետ, որի ընթացքում պահանջել է անհապաղ դադարեցնել զորավարժությունները։
Այսօր պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում: Զորավարժությունները, որոնք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցի պատասխանն էին, կտևեն մինչև կիրակի օրը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական կառավարության և նրա կղզու նահանգի՝ Թայվանի միջև պաշտոնական հարաբերութունները ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտված ուժերը տեղափոխվել են Թայվան։ Կղզու և մայրցամաքային Չինաստանի միջև գործնական և ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։