Քաղաքականության հետ համաձայն եմ. Քերոբյանը` դոլարի կանխիկացման դեպքում տոկոս պահելու մասին

Վահան Քերոբյանը կարծում է, որ որոշ ժամանակ անց «կանխիկի դարաշրջանը» կավարտվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան ընկերությունները պետք է կանխիկից հրաժարվելու քաղաքականություն որդեգրեն, բնականաբար, կանխիկով աշխատող ընկերությունները ոչ թափանցիկ են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով ԿԲ այն որոշմանը, որ դոլար և եվրո կանխիկացնելիս երեք տոկոս պահում է արվում։
«Դոլար և եվրո կանխիկացնելիս պահումներ անելու քաղաքականության հետ համաձայն եմ, քանի որ Հայաստանը պետք է ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները։ Սակայն սա չի նշանակում, որ բոլոր գործիքների հետ ամբողջությամբ համաձայն եմ` անընդհատ քննարկումների մեջ ենք ԿԲ գործընկերների հետ»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` այս ճանապարհը բարդ է, բայց պետք է անցնենք դրանով, քանի որ հակառակ դեպքում մենք կմնանք ցածր արտադրողական և վատ կառավարվող ընկերություններրի մեջ։
Քերոբյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ իր կարծիքով` որոշ ժամանակ անց կավարտենք կանխիկի դարաշրջանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանի բնակիչները բջջային հաղորդագրություններ են ստանում բանկերից, որոնցում ասվում է, որ այսուհետ տարադրամի կանխիկացման համար գանձվում է 3% միջնորդավճար: Ընդ որում, որոշ բանկեր հայտնում են, որ դա «ժամանակավոր» և «հարկադիր» միջոց է, որը ճգնաժամային իրավիճակով է պայմանավորված։ Նման քաղաքականություն է մշակել ԿԲ–ն։