ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկման առարկա կդառնա օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը: Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԳԱ ԻՆԻՈՆ-ի Մերձավոր և Հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։
Ռուս փորձագետը Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրացում է արձանագրել։
«Վաղը երկու նախագահների հանդիպմանը կքննարկվեն հարաբերությունները Հարավային Կովկասում։ Ռուսաստանը, առաջին հերթին, շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում, քանի որ այն դարեր շարունակ խաղաղություն է տարել այնտեղ և շարունակում է դա անել։ Այդ պատճառով այնտեղ են գտնվում Ռուսաստանի խաղաղապահները, ոչ թե Թուրքիայի, ինչպես որ Անկարան կուզենար»,- ասել է Ավատկովը։
Նա հիշեցրել է միասնական մոնիթորինգային կենտրոնի մասին, որտեղից թուրքերը կարող են հետևել տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություններ է փնտրում, այդ թվում՝ արտաքին քաղաքական միջավայրի ճնշման ներքո, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ կողմերը պետք է շփման եզրեր փնտրեն։
Ինչ վերաբերում է Մոսկվայի դիրքորոշմանը Երևանի ու Անկարայի միջև երկխոսություն հաստատելու վերաբերյալ, ապա, ըստ նրա, Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է՝ իր ազգային շահերով: Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, այդ շփումների հաստատման համար կարևոր է հայ ժողովրդի և ղեկավարության կամքը։
Ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևն իր հերթին կարծում է, որ ԱՄՆ-ն խիստ շահագրգիռ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հարցում:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։