ԼՂ, շփման գիծ, Լաչինի միջանցք. Փաշինյանն Ալիևին հիշեցրեց ստանձնած պարտավորությունները

Ստեփանակարտ-Բերձոր-Աղավնո ճանապարհը. Արխիվային լուսանկար
Եթե Ադրբեջանը շարունակի չհարգել սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, Հայաստանը կդիմի միջազգային մեխանիզների գործարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը պետք է կատարի 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր 3 պարտավորությունները։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ արձանագրելով որ Հայաստանն իր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարել է։
«Ադրբեջանը պետք է կատարի իր 3 պարտավորությունները. ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը և պիտի հարգի ԼՂ-ում Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ ԼՂ-ի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է»,- հայտարարեց Փաշինյանը։
Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել եռակողմ հայտարարությունը. Փաշինյան
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը շարունակի չհարգել սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, Հայաստանը կդիմի միջազգային մեխանիզների գործարկմանը` ստանձնած պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու համար։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։