ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։
Հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը հասցեական որակում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։
Գերատեսչությունը շեշտում է, որ արցախահայությունը հաստատակամ է և վճռական իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու հարցում։
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։