Փաշինյանը սարսափում է Չալաբյանից. փորձագետը` քաղաքական գործչի կալանքի մասին

Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանի կարծիքով` Ավետիք Չալաբյանին երկրորդ անգամ կալանավորելը քաղաքական իշխանության վախերի մասին է խոսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վտանգ է ներկայացնում գործող իշխանությունների համար, դրանով էլ կարելի է բացատրել նրա կալանավորումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վերլուծաբան, Երևանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանը։
Բանախոսը Չալաբյանի նկատմամբ դատարանի որոշումն անվանեց ապօրինի և լկտի` նշելով, որ նրան կալանավորելը բարոյական և իրավական առումներով իրականացվում է կոպիտ խախտումներով։

«Նիկոլ Փաշինյանը սարսափում է Չալաբյանից։ Ես բազմիցս ասել եմ, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում է։ Չալաբյանին պատժում են, նրան հետ են պահում հնարավոր գործընթացներից, որոնք կարող են առաջիկայում տեղի ունենալ»,- ասաց Սողոմոնյանը։

Նրա կարծիքով` Չալաբյանին գործընթացներից մեկուսացնելը թույլ է տալիս իշխանություններին ներքաղաքական խնդիրներ լուծել. եթե երկրում գործընթացներ սկսվեն, և գործող ղեկավարությանը հեռացնելու համար վտանգ առաջանա, ապա արժանի այլընտրանքների բացակայությունը կրկին կօգնի այդ իշխանությանը «վերարտադրվել» նույն արտահերթ ընտրությունների միջոցով։ Սողոմոնյանի պնդմամբ` Չալաբյանն այն անձն է, որի հետևից ժողովուրդը կարող էր գնալ։
«Չալաբյանը հանդես էր գալիս հստակ օրակարգով, ունի բազա, հետագիծ, փորձ ու անցած ճանապարհ։ Նրա մեջ Փաշինյանը լուրջ քաղաքական հակառակորդ էր տեսնում։ Ավետիքը զերծ է կոռուպցիոն անցյալից, լայն կապեր ունի։ Չալաբյանի հետ կապված որևէ մեկը չի կարող ասել, որ նա գողացել է կամ անօրինական կերպով հարստացել»,- հավելեց նա։
Սողոմոնյանի խոսքով` հասարակական-քաղաքական գործիչը ձեռնտու չէ իշխանություններին` ի տարբերություն այլ գործիչների, որոնց դեմ լուրջ ու իրական փաստեր կան։
Չալաբյանի կալանավորումը Սողոմոնյանը որակում է ակնհայտ ապօրինություն։ Նա վստահ է, որ հասարակությունը չպետք է անտարբեր մնա նման անօրինականությունների նկատմամբ, հատկապես որ Չալաբյանն առողջական խնդիրներ ունի, և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան ֆոնինմ դատարանի նման որոշումը ոչ մի նորմալ բացատրություն չունի։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշեց կրկին կալանավորել Չալաբյանին։