Միայն թե նոր համակարգային բարեփոխում չսկսվի կրթության բնագավառում. Բոլոնիայից լրիվ գոհ ենք

Ուսանող
Եկեք անկեղծ լինենք։ Ընդունելության քննությունները, որոնք ամեն ամառ Հայաստանում վերածվում էին գլխավոր համազգային իրադարձության, այս տարի, ոմանց կարծիքով, համազգային աղետի նման մի բան դարձան։
Sputnik
Դատեք ինքներդ՝ թեկուզ ընդամենը մեկ բուհի օրինակով։ Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 40 դիմորդ։ Անհիշելի ժամանակներում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարան, մեր բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսում կար 90 նոր ուսանող։ Ընդամենը մեկ ֆակուլտետի մեկ կուրսում։ Հիմա մի հսկա համալսարանում՝ ողջ Ագրարայինում, դրա կեսն էլ չկա։ Էս ի՜նչ օրն ընկանք։
Կասեք՝ բա ի՞նչ էինք ուզում։ Եթե գյուղատնտեսությանն այնպես ենք վերաբերվում, որ նույնիսկ գյուղատնտեսության նախարարությունն ենք վերացրել, էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ կտրուկ ընկել է նաև Ագրարային համալսարանի վարկը։ Էդ դեպքում, կհակադարձեմ՝ բայց չէ՞ որ այլ բուհերում էլ իրավիճակը ամենևին բարվոք չէ։ Իհարկե, կարելի է 1000 ու մի պատճառ վկայակոչել։ Օրինակ, մարդկանց ձեռքին այլևս փող չի մնացել, որպեսզի վճարեն երեխաների ուսման համար։ Բայց այդ դեպքում էլ կհարցնեմ, բա ինչպե՞ս է պատահել, որ շատ բուհերում թափուր են մնացել նաև անվճար տեղերը։ Երիտասարդներին խնդրում են՝ եկե′ք, բարձրագույն կրթություն ստացեք՝ առանց մի կոպեկ ծախսելու։ Էլի չեն գալիս։
Բայց այս օրերին ամենից հաճախ հնչող հիմնավորումը սա է՝ իսկ ինչո՞ւ պիտի երիտասարդի մոտ սովորելու ձգտում առաջանա, երբ նա ամեն օր տեսնում է, որ այս իշխանությունների օրոք գնահատվում են ոչ թե գիտելիքներն ու տաղանդը, այլ անսահման հավատարմությունը իշխող ուժին և նրա առաջնորդներին։ Սրա դեմ դժվար թե որևէ մեկն առարկի։ Ախր էնպիսի նշանակումների ականատեսն ենք դառնում, որ մարդու մազերը մեկ մեկ բիզ-բիզ են կանգնում։ Մյուս կողմից էլ լսում ենք, որ փորձառու մասնագետին հեռացրել են աշխատանքից միայն նրա համար, որ եղբայրը անընդհատ խստորեն քննադատում է իշխանություններին։ Դե ինչ արած, երևի ժողովրդավարության բաստիոնները նաև բավական ուրույն են լինում։
Սակայն դժվար է պատկերացնել, որ բարձրագույն կրթություն ստանալու ձգտումը մեզ մոտ շատ արագ խամրեց հենց այս իշխանությունների օրոք։ Բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կրթության ոլորտում, ամեն ինչ բարեփոխելու մոլուցքը հո նո՞ր չի ծագել։ Հիշենք՝ երբ անկախացանք, մի հասարակություն էինք, որի մոտ կեսն ուներ բարձրագույն կրթություն, ճիշտ այնպես, ինչպես հիմա Կանադայում է, Ռուսաստանում, Ճապոնիայում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ զարգացած երկրներում։ Բայց քանզի շատ արագ պարզ դարձավ նաև, որ առնվազն Հայաստանում բարձրագույն կրթությունը բարձր կենսամակարդակ չի ապահովում, սկսեցինք մտորել՝ ինչի՞ց է։ Ու նույնքան արագ գտանք պատասխանը՝ ախր, Բոլոնիայի գործընթացին չենք միացել։
Դեռ այն տարիներին, երբ նույնիսկ տան արդուկն էիր միացնում, էլի խոսում էր Բոլոնիայի գործընթացի մասին, Հայաստանում շատ քչերը գաղափար ունեին այդ առեղծվածային գործընթացի մասին։ Սա ես չեմ ասում։ Դեռ մոտ 10 տարի առաջ Բուդապեշտում հրապարակվեց մեր կրթական համակարգին նվիրված մի զեկույց, որի հեղինակները փաստում էին՝ Հայաստանում գոյություն ունի բարեփոխումների բովանդակության և էության մասին տեղեկատվության, հասարակական ընկալման պակաս, Բոլոնյան բարեփոխումներն ընկալվում են որպես «օտար» գործընթաց։ Դրանք կրում են ձևական բնույթ և լռվում են համակարգում, բուհական բյուրոկրատիայի բարձր և միջին մակարդակներից այն կողմ չեն գնում:
Չեմ պատրաստվում հիմա մանրամասն վերլուծել, թե ինչու էինք այդքան կառչած այդ Բոլոնիայից, միգուցե պարզապես ուզում էինք քաղաքակիրթ ու արդիական երևալ, ապացուցել, որ մենք Եվրոպա ենք, Եվրոպա′։ Ու այնքան էինք տարված այդ թեմայով, որ չնկատեցինք էլ՝ նույն Եվրոպայում, նաև ողջ աշխարհում բուռն վեճեր են ծավալվում շատ ավելի սկզբունքային հարցի շուրջ՝ իսկ արդյոք ընդհանրապես անհրաժե՞շտ է այդ բարձրագույն կրթությունը։ Կներե′ք, երկու տարբեր ֆակուլտետներում եմ սովորել, երկու տարբեր մասնագիտությամբ, հիմա մեր տուն է գալիս դպրոցն էլ չավարտած վարպետը, երկու օրում ավելի շատ փող է աշխատում, քան ես՝ մի ամբողջ ամսում։
Ֆրանսիացիները միանգամայն ճիշտ են՝ խժդժության դեպքում փնտրիր կնոջը
Հիմա կասեք՝ բա, այսպես կոչված այթիշնիկնե՞րը, որոնք ամենից շատ են ստանում, առանց դիպլոմի ձեզ ո՞վ կընդունի աշխատանքի։ Ուզո՞ւմ եք այդ ընկերությունների տասնյակ ղեկավարների մեջբերեմ, որոնք ասում են. «Տեսնում եմ, որ մարդը հմուտ մասնագետ է, նոր լուծումներ է առաջարկում, նրա դիպլոմն ինչի՞ս է պետք»։ Համաձայնե′ք, լրիվ արդարացի մոտեցում։ Միայն մի մտավախություն ունեմ՝ հանկարծ մեր իշխանությունները, հաշվի առնելով այս տարվա ընդունելության արդյունքները, նոր համակարգային բարեփոխում չսկսե՞ն կրթության բնագավառում։ Բոլոնիաներից լրիվ գոհ ենք։