Խարկովի մոտ ուկրաինական գումարտակի հրամանատարները հրաժարվել են կատարել հրամանները. ՌԴ ՊՆ

Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ուկրաինական զորքերի կառավարման երեք կետ են խոցել ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Խարկովի մերձակայքում Ուկրաինայի 132-րդ հետախուզական գումարտակի ստորաբաժանումների հրամանատարները հրաժարվել են կատարել վերադասների հրամանները մեծ կորուստների պատճառով և անձնակազմի հետ մեկնել են ժամանակավոր տեղակայման կետ, նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
Նշվում է, որ գումարտակի ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմի հետ անցել են Սևերսկիյ Դոնեց գետը և մեկնել ժամանակավոր տեղակայման կետ:
«Լվովի մարզի Ռադեխով բնակավայրի շրջանում օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Լեհաստանից Կիևի ռեժիմին ուղարկված օտարերկրյա արտադրության սպառազինությամբ և զինամթերքով լի պահեստը»,-ասված է ռազմական գերատեսչության տեղեկագրում:
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ուկրաինական զորքերի կառավարման երեք կետ են խոցել ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա՝ 133 շրջաններում, ԴԺՀ-ում ոչնչացրել են ուկրաինական զինամթերքի չորս պահեստ:
Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածները շարունակվում են:
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում ճնշվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու դասակ, «Մստա-Բ» հրանոթի երեք հրետանային դասակ, «Գվոզդիկա» զենքի երեք և Դ-30 հաուբիցների երկու դասակ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի շրջաններում տեղակայված կրակային դիրքերում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինացիները Խերսոնի մարզում գնդակոծել են խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոբուսը․ ՌԴ ՊՆ
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 261 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1669 անօդաչու թռչող սարք, 361 զենիթահրթիռային համալիր, 4231 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 782 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենա, դաշտային հրետանու 3242 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4676 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։