ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 16 հազար վճարովի և անվճար տեղ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 13 887 դիմորդ, սակայն այն հանձնել են 11 587-ը։ Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9 729 դիմորդ: Թափուր տեղերի քանակը 14158 է, որից 13900՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
«Հայաստանյան բուհերն այս տարի տրամադրել են 22 հազար անվճար և վճարովի տեղեր։ Հատկանշական է, որ թափուր են մնացել նաև անվճար տեղերը. մասնավորապես, 1900 հասանելի տեղերից միայն 1670-ն է զբաղված»,-նշել է նա։
Մասնավոր բուհերի տրամադրած 7500 տեղերից միայն 131-ն է զբաղված, հավելել է նա։
Դիմորդների շրջանում, ինչպես և նախորդ տարիներին, առավել պահանջված են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են իրավագիտությունը, ստոմատոլոգիան, բուժական գործը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, կիրառական մաթեմատիկան:
Ամենաքիչ պահանջարկն ունեն աշխարհագրության, քիմիայի ֆակուլտետները, ինչպես նաև ագրարային բնույթի մի շարք ուղղություններ։ Այսպես, Հայաստանի Ազգային ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 40 ուսանող։
Գրիգորյանը հավելել է, որ մոտ 700-800 աշակերտ դրական գնահատականներ են ստացել, սակայն չեն կարողացել բավարար միավորներ հավաքել ընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար: Նրա կանխատեսմամբ՝ այդ դիմորդները, ամենայն հավանականությամբ, կրթություն կստանան հեռակա կարգով։ Հայաստանի բուհերում հեռակա համակարգում թափուր է 2300-3000 տեղ։