Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

Արխիվային լուսանկար
Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի առավոտյան 07.00-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի իրականացրած մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել:
Տեղեկությունը հայտնում են Երևանի մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։
«Ինչպես միշտ՝ Երևանի մետրոպոլիտենն իր աշխատանքը կվերսկսի վաղը՝ 07.00-ից։ Եվս մեկ անգամ հայցում ենք Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում (ԱԺ շենք), ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Երևանի քաղաքապետարանում ու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ևս պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։