«Զվարթնոց» օդանավակայանում և Երևանի քաղաքապետարանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան. Արխիվային լուսանկար
ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները նշված վայրերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում (ԱԺ շենք), ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։
Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է․ իրականացվում են տեղազննման աշխատանքներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ օդանավակայանի և քաղաքապետարանի տեղազննման աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։