ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին թյուրքական պետությունների համագործակցության խորացման շրջանակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել էՈւզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Տաշքենդում այսօր կայացել է Ուզբեկստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել այդ միջոցառման բարձր արդյունավետությունը, որը նպատակ ունի ամուր հիմք դնելու թյուրքական պետությունների միջև գործնական համագործակցության հետագա խորացման համար»,- ասել է Նորովը՝ ճեպազրույցում ամփոփելով հանդիպումը:
Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են խորացնել փոխգործակցությունն արդյունաբերական կոոպերացիայի, թվային տնտեսության ու առևտրի ոլորտներում: «Այդ նպատակով նախատեսվում է ակտիվորեն օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու բոլոր հնարավորությունները, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի միջազգային նավահանգիստները, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» և «Արևելք-արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքները»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Նորովն ավելացրել է, որ կողմերը նաև կարևորել են Ուզբեկստանի նախաձեռնությունը Թերմեզ-Մազարի Շարիֆ -Քաբուլ-Փեշավար ռազմավարական երկաթուղային գծի կառուցման հարցում և աջակցություն են հայտնում Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան երկաթուղու կառուցման նախագծին:
Միջոցառման արդյունքում ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որում սահմանվել են հանդիպման մասնակիցների հիմնական առաջնահերթությունները մոտ ապագայում:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ ադրբեջանա-վրաց-թուրքական միջպետական համաձայնագրով։ Մասնակիցների գնահատմամբ՝ սկզբնական փուլում բեռնափոխադրումների ծավալը պետք է լիներ մոտ 6,5 մլն տոննա վրա, ինչպես նաև մինչև 1 մլն ուղևոր պետք է տեղափոխվեր: 2020 թվականի հունվարին այդ տրանսպորտային միջանցքով գործարկվել են Ուզբեկստանի տարածքով Վրաստան բեռնափոխադրումները։