ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Թայվան։ Նա ինքնաթիռից իջել է Թայբեյի Սունգշան ավիաբազայի օդանավակայան։ Նրան դիմավորել են տեղի պաշտոնյաները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CTI հեռուստաալիքին։
Սա ԱՄՆ Կոնգրեսի խոսնակի առաջին այցն է Թայվան 1997 թվականից ի վեր։
Չինաստանի ՊՆ խոսնակ Թան Քեֆեյն ավելի վաղ ընդգծել էր, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կղզի կխախտի «մեկ Չինաստան» սկզբունքը, կվնասի ռազմական ոլորտում հարաբերություններին և կհանգեցնի իրավիճակի սրման։ Նրա խոսքով՝ «չինական բանակը ձեռքերը ծալած չի հետևի սրան և անպայման կձեռնարկի բոլոր միջոցները արտաքին միջամտությունը դադարեցնելու համար»։