Կոտայքի մարզը հսկայական ներուժ ունի. մարզպետն ընդունել է Իրանի դեսպանին

Կոտայքի մարզպետն ընդունել է Իրանի դեսպանին
Մարզպետը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելելու համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման»,– նշել է մարզպետը:
Կոտայքի մարզպետն ընդունել է Իրանի դեսպանին
Նրա խոսքով` դեսպանը համոզված է, որ Կոտայքի մարզն ունի հսկայական ներուժ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:
«Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում»,– գրել է Սահակյանը` առանձնացնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության (անասնաբուծություն), կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները։
Մարզպետը նշել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար: