Հայ ուսանողները Եվրոպական համալսարանական մարզախաղերում 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Հայ ուսանողները Եվրոպական համալսարանական մարզախաղերում 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
2023 թվականի հունվարին Հայաստանը նախատեսում է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին, իսկ նույն տարվա ամռանը՝ Չինաստանում կայանալիք ամառային ունիվերսիադային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։ Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը կարատեի մինչև 75 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ` 5 մենամարտ անցկացնելով ու հաղթանակներ տանելով։
Մրցաշարից բրոնզե մեդալով է վերադարձել Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Գևորգ Բեգլարյանը, որը երրորդ տեղն է գրավել պարա սեղանի թենիս մարզաձևում։ Նույն բուհի մյուս ներկայացուցիչ, ձյուդոիստ Մերուժան Սարգսյանն էլ գրավել է 5-րդ հորիզոնականը։
Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է եղել 3 բուհերի պատվիրակություններով: Երևանի պետական բժշկական համալսարանից ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից բացի միջազգային խաղերին մասնակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակությունը։
Հայ ուսանողները Եվրոպական համալսարանական մարզախաղերում 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակության կազմում էլ ընդգրկված են եղել երկու շախմատիստներ, որոնք, չլինելով գրոսմայստերներ և ունենալով միայն առաջին կարգ, 20 թիմերի շարքում տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում, իսկ Ջանիկ Ղուլյանը բլից մրցաշարում 40 մասնակիցների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:
Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, որը նաև Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության անդամ է, բարձր է գնահատել հայ մարզիկների մասնակցությունը։
«6 մարզիկով 2 մեդալ ենք նվաճել, որից մեկը՝ ոսկե: Միանշանակ, գոհացնող արդյունք է: Մասնակից 38 երկրներից երևի 10-15 երկիր է մեդալ նվաճել, և մենք այդ երկրների թվում ենք: Երկրներ կան, որոնք 400-500 պատվիրակությամբ էին մասնակցում և ընդամենը մի քանի մեդալ են նվաճել»,–ասել է նա:
Եվրոպական համալսարանական խաղերն այս տարի ամենախոշորներից են եղել: Մասնակցել են 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ։
2023 թվականի հունվարին Հայաստանը նախատեսում է մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին, իսկ նույն տարվա ամռանը՝ Չինաստանում կայանալիք ամառային ունիվերսիադային: