Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար. Ներսես Երիցյան

ԿԲ
ԿԲ փոխնախագահի գնահատմամբ` Հայաստանում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երևույթներով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար։ Այսօր հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` խոսելով աշխարհում ու Հայաստանում ահագնացող գնաճի ու ԿԲ–ի վարած դրամավարկային քաղաքականության մասին։
«Մենք կարծում ենք, որ գնաճը չարիք է մեր հասարակության բոլոր շերտերի համար, այդ թվում` բիզնեսի, արտադրողների, ներմուծողների համար։ Եվ գնաճը զսպելով` մենք կկարողանանք երկարատև, կայուն տնտեսական աճի հետ կապված բոլոր խնդիրները լուծել և ունենալ աշխատավարձերի իրական աճ` պայմանավորված նոր շուկաների մուտքով, արտադրողականության աճով և ոչ թե միայն պահանջարկի աճով»,– ասաց Երիցյանը։
ԿԲ փոխնախագահի գնահատմամբ` Հայաստանում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երևույթներով, ինչն իր հերթին ավելացնում է բիզնեսի ծախսերն ու կարող է հանգեցնել հայաստանյան արտադրության մրցունակության անկման։
Նշենք, որ Հայաստանում հունիսին 12-ամսյա գնաճը 9 տոկոսից հասել է 10,3 տոկոսի:
Գնաճը զսպելու նպատակով Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով` գործող 9.25-ից հասցնելով 9.5 տոկոսի։
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուլիսի 14-ին հայտնել էր, որ այս տարվա ընթացքում մասնավոր հատվածի աշխատավարձերի մոտավորապես 18 տոկոս աճ է գրանցվել, որը հիմնականում ծառայությունների ոլորտով է պայմանավորված, մասնավորապես ՏՏ ընկերություններն են իրենց աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել։