Դժվարացել է, բայց բանակը կարողանում է ապահովել անդորրը. Գեղարքունիքի մարզպետը` ՀՀ ՄԻՊ-ին

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ ՄԻՊ–ին
Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում կյանքը որոշակիորեն դժվարացել է, ինչը պայմանավորված է միայն և միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տեղեկանում ենք մարզպետարանի կայքէջից։

«Մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը և խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ»,- ասել է մարզպետը։

Նա հայտնել է նաև, որ մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին և անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։
Սարգսյանը նշել է, որ եթե նախորդ տարի ունեցել են ՀՀ կառավարության կողմից հաստատված 7,5 միլիարդ դրամի շինարարական ծրագրեր, ապա այս տարի այն հասել է 11,5 միլիարդի։ Նրա խոսքով` արդեն ոչ թե զբաղվածության, այլ աշխատող ու որակյալ շինարարների խնդիր ունեն, և բոլոր շինարարական ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ապաստարանների կառուցմանը։
Հանդիպումից հետո Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր։
Սյունիքում և Գեղարքունիքում իրադրությունը հանգիստ է. ՀՀ ՊՆ