ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում իրադրությունը լարված է։
ՊՆ պաշտոնական տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ հայաստանյան մամուլում ու սոցիալական հարթակներում մինչ այդ լուրեր էին տարածվել, որ ներկա պահին լարված իրադրություն է Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանակից հատվածներում։
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը ևս «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ Վարդենիսի տարածաշրջանում իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան։
«Հարգելի ընկերնե՛ր, ֆեյսբուքյան օգտատերե՛ր, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վարդենիսի տարածաշրջանում և հատկապես Սոթքի սահմանամերձ հատվածներում իրադրությունը խաղաղ է։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր չեն եղել։ Սահմանում կանգնած մեր զինծառայողները փայլուն կատարում են իրենց աշխատանքը»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր առավոտից Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել։