ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երևանում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Պարույր Հովհաննիսյանի և Վլադիմիր Գևորգյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանցի պաշտոնյային ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ հաղորդագրության` քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության և Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։
Երկու կողմերն էլ հաստատել են այդ հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու պատրաստակամությունը։
ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Արարատ Միրզոյանը Գրուշկոյի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: