ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի սադրանքներ թույլ չտրվեն ցորեն տեղափոխող առաջին նավի երթուղու ընթացքում, որն այսօր Օդեսայից դուրս է եկել և ուղևորվում է Տրիպոլի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովման և անցման երթուղում սադրանքներ թույլ չտալու համար», - ասել է Միզինցևը:
Նա հստակեցրել է, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության իրականացման շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից մշակված երթուղին ենթադրում է հացահատիկային մշակաբույսերի և հանքային պարարտանյութերի արտահանում Ուկրաինայի երեք նավահանգիստներից` Հարավային, Օդեսսայի և Չերնոմորսկի։
Դրա հետ մեկտեղ, Միզինցևի խոսքով, վեց նավահանգիստներում՝ Խերսոնում, Նիկոլաևում, Չեռնոմորսկում, Օչակովում, Օդեսայում և Հարավայինում, արգելափակված է մնում 69 օտարերկրյա նավ` 15 պետություններից:
Նրա խոսքով` պահպանվում է նաև ծովագնացության և նավահանգստային ենթակառուցվածքի վնասման վտանգը` մերձսևծովյան պետությունների ափերի երկայնքով խարիսխից պոկված ուկրաինական ականների պատճառով: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել երկու ծովային մարդասիրական միջանցքների գործունեության համար, որոնք անվտանգ գոտիներ են հանդիսանում նավերի երթևեկության համար:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ առաջին նավը` Սիերա Լեոնեի դրոշի ներքո լողացող «Ռազոնի» բեռնանավը, Օդեսայի նավահանգստից դուրս է եկել այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 9։20-ին և պետք է Ստամբուլ ժամանի օգոստոսի 2–ին: Ծովային միջանցքը, որով ընթանում է եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածով: Հումանիտար գործողությունը ծրագրված է Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնի կազմում գործող ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ: