Բողոքի ակցիաներն ընդգրկել են Իրաքի 7 նահանգ

«Սադրիստները» բողոքի ակցիաներ են մեկնարկել Մեյսան, Դիվանիա, Բաբել, Բասրա, Դիյալա և Դի Քար նահանգներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաներն ընդգրկել են Իրաքի 7 նահանգ, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով al-Sumaria հեռուստաալիքը:
Բաղդադում շաբաթ օրը վերսկսվել են շիա ազդեցիկ քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները, ցուցարարները մեկ շաբաթում երկրորդ անգամ ներխուժել են խորհրդարանի շենք: Այս պահին նրանք շարունակում են մնալ խորհրդարանի նախասրահում, որտեղ, նրանց խոսքով, շարունակելու են գործադուլ անել։ Միաժամանակ, աս-Սադրին դիմակայող «Կոորդինացիոն հարթակը» հետևորդներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ «Կանաչ գոտու» սահմանների մոտ՝ դեպի օդանավակայան ճանապարհը փակելու ծրագրով, որպեսզի թույլ չտան կառավարության անդամների փախուստը:
Հեռուստաալիքի տվյալներով` «Սադրիստները» բողոքի ակցիաներ են մեկնարկել Մեյսան, Դիվանիա, Բաբել, Բասրա, Դիյալա և Դի Քար նահանգներում: Բաղդադում փակել են դեպի «Կանաչ գոտի» տանող մի շարք կամուրջներ, իսկ «Կոորդինացիոն հարթակի» կողմնակից ցուցարարների և ուժայինների միջև փոքր բախումներ են տեղի ունեցել։
Իրաքի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի գիշերը հերքել է այն հաղորդագրությունները, որ 11-րդ հետևակային բրիգադի հրամանատարը հայտարարել է ցուցարարների կողմն անցնելու մասին: Սակայն գերատեսչությունը նշել է, որ բանակը «ծառայում է ժողովրդին» և պատրաստ է պաշտպանել ինչպես ցուցարարներին, այնպես էլ պետական հիմնարկներին, իսկ սադրիչներին կպատժի։ Իրաքի հակաահաբեկչական ծառայությունը և երկրի անվտանգության ծառայությունը նույնպես մամուլի հաղորդագրություններում հերքել են իրենց անդամների տեղակայումը «Կանաչ գոտում» և նշել, որ չեն միջամտում քաղաքականությանը:
Իրաքը քաղաքական ճգնաժամի մեջ է գտնվում։ Դեռևս 2021 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հանրապետության նոր նախագահ ընտրել և կառավարություն ձևավորել։ Իրաքի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանը պետության ղեկավարին ընտրում է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։
Բաղդադն անհանգիստ է. ի՞նչ է կատարվում Իրաքի մայրաքաղաքում