12-ի գործն արդեն դատարանում է. ԱԱԾ-ն` պետական դավաճանության մասին

ԱԱԾ
ԱԱԾ-ն հայտնում է, որ օտարերկրյա հետախուզությունն իմացել է հարձակման, պաշտպանության, մարտավարական վերադասավորումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների։ Նրանք ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել ՀՀ-ում և Արցախում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ փաստաթղթերին, կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, նկարել ռազմական նշանակության քարտեզներ։ Նրանք այդ ամենը փոխանցել են օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց վարձատրվելով»,- գրված է հաղորդագրությունում։

Քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված ՀՀ քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ։ Նրանք իմացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։
Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է, նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ԱԱԾ-ն խոստանում է պարբերաբար տեղեկություններ տրամադրել դրանց ընթացքի և արդյունքների մասին։
Պետական դավաճանության համար դատապարտված կինն արդարություն է պահանջում