Ռուսաստանում Նարինե Աբգարյանն իր գրքերի վաճառքով առաջ է անցել Ջոան Ռոուլինգից

Նարինե Աբգարյանը. Արխիվային լուսանկար
Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայազգի ռուսալեզու գրող Նարինե Աբգարյանը ՌԴ-ում իր գրքերի վաճառքով գերազանցում է բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգին: Տեղեկությունը հայտնում է «Լիտրես» գրախանութը։
Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում, առաջատարը ամերիկացի գրող Վի Քիլանդն է:

«Ջոան Ռոուլինգը «Լիտրեսում» մեկ տարվա ընթացքում գրքերի վաճառված օրինակների թվով ամենահանրաճանաչն է արտասահմանյան գրողների առաջատար եռյակում։ Նրանից առաջ են անցել Վի Քիլանդն ու Նարինե Աբգարյանը։ «Հարրի Փոթերի» մասին Ջոան Ռոուլինգի գրքերի վաճառքից ստացված հասույթը «Լիտրեսում» վերջին տարվա ընթացքում աճել է 37 տոկոսով, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ»,- նշել են գրախանութում։

Ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ «Լիտրեսում» «Հարրի Փոթերի» մասին գրքերը հասանելի չեն ապրիլի 9-ից։ Գրքի վաճառքի դադարեցումից մի քանի օր առաջ Ռոուլինգի գրքերը սկսել են 48 անգամ ավելի հաճախ գնել:
Նարինե Աբգարյանը հայազգի ռուսալեզու գրող է, «Տասնամյակի լավագույն մանկական հեղինակ» մրցանակի դափնեկիր: Աբգարյանի ամենահայտնի ստեղծագործությունը` «Մանյունյան», ինքնակենսագրական գիրք է (2010թ․), որը գրողին «Տարվա ձեռագիր» մրցանակն է բերել։ «Մանյունյայով» Աբգարյանը ընդգրկվել է «Մեծ գրքի» (ռուսական գրական մրցանակ) երկար ցուցակում: 2011թ․-ին լույս տեսավ գրքի երկրորդ մասը, 2012թ․- ին՝ եզրափակիչը։
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա նկարահանվող սերիալը ևս 2 սեզոն կունենա