ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և դերասան, սցենարիստ Բեն Աֆլեքի ամուսնությունը կարծեք թե թարմացրել է Լոպեսի առաջին ամուսնու սրտի վերքը։ «Dailymail»-ի հետ հարցազրույցում Օջանի Նոան, որն այսօր ապրում է հոլիվուդյան փայլից հեռու, կասկած է հայտնել, թե այս ամուսնությունը երկար կտևի։
«Ես նրան և Բենին ամենայն բարիք եմ մաղթում, բայց վստահ չեմ, որ դա երկար կտևի։ Ջենը սիրում է ուշադրության կենտրոնում լինել, նա նշանադրված է եղել վեց անգամ, Բենը նրա թվով 4-րդ ամուսինն է։ Ես եղել եմ առաջին ամուսինը, և նա ինձ էլ էր ասում, որ սիրելու է ամբողջ կյանքում։ Մեր ամուսնական առաջին գիշերը, երբ անկողնում պառկած էինք, նա ասաց, որ ընդմիշտ միասին ենք լինելու»,- պատմել է Նոան։
Հիշեցնենք, որ Լոպեսն ու Նոան ամուսնացել են 1997-ին։ Երգչուհուն գրավել էր երիտասարդի գեղեցկությունը, հոգատարությունն ու հետաքրքիր կենսագրությունը․նա Ամերիկա էր եկել 15 տարեկանում Կուբայից՝ ռետինե նավակով։ Նրանց ամուսնությունը 11 ամիս է տևել։ Ամուսնալուծությունից հետո Նոան շարունակել է որպես ադմինիստրատոր աշխատել Լոպեսի ռեստորանում, սակայն որոշ ժամանակ անց աստղը որոշել է ռեստորանի համար ավելի փորձառու մեկին գտնել։
Ջեյ Լոն ստիպված է եղել դատական հայց ներկայացնել նախկին ամուսնու դեմ, քանի որ նա մտադրված էր իրենց համատեղ ընտանեկան կյանքի մանրամասներ հրապարակել գրքի տեսքով: Արդյունքում 2007 թվականի ապրիլին դատարանը որոշում կայացրեց հօգուտ Լոպեսի՝ նրա նախկին ամուսնուն պարտավորեցնելով 200 հազար դոլար վճարել՝ որպես բարոյական փոխհատուցում և ևս 345 հազար դոլար՝ դատական ծախսերի համար:
Բաժանումից 17 տարի անց` 2021-ի մայիսին, լուր տարածվեց, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վերամիավորվել են։ Ապրիլին Լոպեսը հայտարարեց Աֆլեքի հետ նշանադրության մասին։ 20 տարվա ծանոթությունից հետո նրանք ամուսնացան 2022-ի հուլիսի 16-ին։