Բեյրութի նավահանգստում հրդեհի պատճառով փլուզվել է վթարային վիճակում գտնվող էլևատորը

Լիբանանի քաղպաշտպանությունը հայտարարել է, որ որևէ կերպ հրդեհը հանգցնելը փաստացի անիմաստ է, քանի որ կրակը նորից է բռնկվելու։
Sputnik
Բեյրութի՝ պայթյունից տուժած նավահանգստում հրդեհի պատճառով փլուզվել է վթարային վիճակում գտնվող էլևատորը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Էլևատորներում հրդեհը բռնկվել է հուլիսի 7-ին՝ մասամբ ավերված շինության տարածքում խմորման արգասիք գազերի արտանետման պատճառով։ Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալյամը հստակեցրել է, որ խոսքը դեռևս 2020 թվականի օգոստոսի 4-ի պայթյունից հետո էլևատորներում մնացած հացահատիկի մասին է: Նրա խոսքով՝ նման հրդեհներ նախկինում էլ են եղել։ Վառվելու է, քանի դեռ էլևատորներում հացահատիկ կա։ Լիբանանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ էլևատորները կարող են փլուզվել հրդեհի պատճառով։

Ավելի վաղ Լիբանանի քաղպաշտպանությունը հայտարարել է, որ որևէ կերպ հրդեհը հանգցնելը փաստացի անիմաստ է, քանի որ դա միայն մի քանի օրով է օգնելու, ինչից հետո կրակը նորից է բռնկվելու։ Իշխանությունները մարդկանց արգելել են մոտենալ էլևատորներին՝ նոր զոհերից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն էր տեղի ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Ոչնչացվել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, ավտոմեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում փշրվել էին պատուհանները, շինությունների մի մասը լիովին ավերվել էր։ Ինչպես հայտնել էին իշխանությունները, պայթյունի պատճառ էր դարձել 2750 տոննա ամոնիակային սելիտրան, որը մաքսային ծառայությունները առգրավել էին 2014 թվականին և պահում էին պահեստում։ Մահացել էր ավելի քան 280 մարդ, ավելի քան վեց հազարը վիրավորվել էր։ Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել։