Շախմատի համաշխարհային օլիմպիադա. հայկական թիմերը կրկին հաղթում են

44-րդ շախմատային օլիմպիադան անցկացվում է հնդկական Չեննայում` հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում։
Երկրորդ տուրում Գաբրիել Սարգսյանի գլխավորած հայ գրոսմայստերները 3:1 հաշվով առավելության են հասել Անդորրայի թիմի նկատմամբ: Արման Փաշիկյանի թիմին հաղթական միավորներ բերեցին երրորդ և չորրորդ խաղատախտակները՝ Հայաստանի չեմպիոն Մանուէլ Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանն իրենց խաղակեսերն ավարտել են համապատասխանաբար առաջին և երկրորդ խաղատախտակներին:
Հայ շախմատիստները «չոր հաշվով» հաղթել են առաջին մրցակիցներին համաշխարհային օլիմպիադայում
Երկրորդ տուրում խոշոր հաղթանակ են տարել նաև հայ աղջիկները: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը 4: 0 հաշվով հաղթել են Նորվեգիայի թիմին:
Օլիմպիադայի երկրորդ տուրի մյուս հանդիպումները դեռ շարունակվում են։ Հայաստանի 2 թիմն էլ երկու տուրից հետո վաստակել է 4 միավոր։
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը:
Կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
44-րդ շախմատային օլիմպիադան անցկացվում է հնդկական Չեննայում` հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանը շախմատի օլիմպիադայում հաղթանակներ է ունեցել 2006, 2008 և 2012 թվականներին։