«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության շրջանակում:
«Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարք և պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ: Գործողություններն իրականացվել են 2 մասում՝ արգելոցի Արարատի և Կոտայքի տեղամասերում: Կառավարումն իրականացվել է արգելոցի Արարատի հատվածում ծավալված շտաբից ԱԹՍ-ների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս և անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:
Ուսումնավարժության ավարտին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: