Կալանավորվել է հրամանատարը, որի պատճառով կորցրել ենք Թալիշն ու Մատաղիսը

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` հրամանատարը տեղեկություն է ունեցել, որ հակառակորդի կողմում լուրջ շարժ կա, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկել պաշտպանությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն կալանավորել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ին, որն Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրն անգործություն է դրսևորել ու իր պարտականությունները չի կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ-ի սեպտեմբերի 26-ին Ս.Ա.-ն զորամասի սպայական կազմի հիմնական մասի և հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։
Զորամասի հրամանատարը յուրացրել է բենզինի կտրոնները. նա իրեն մեղավոր է ճանաչել
Այդ օրը մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարները նրան զեկուցել են, որ առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժեր ու կուտակումներ կան, կտրուկ բարձրացել է մարտական գործողությունների անցման վտանգը։
Գնդապետը, սակայն, որն այդ պայմաններում ի պաշտոնե պարտավոր էր որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, ինչպես նաև այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, երբ իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդը դեպի առաջնագիծ տանկերը, զրահատեխնիկան և անձնակազմը առաջ է շարժել, նա շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները։ Արդյունքում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով` ճեղքել պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ գնդապետի անգործության պատճառով յուրային զորքին չի հաջողվել լրիվ ծավալով անցնել պաշտպանության և կասեցնել հարձակումը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է ընձեռել գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին։
Այս ամենի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի հսկողության տակ:
Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն):
Նրան կալանավորել են 2022թ. հուլիսի 29-ին։ Նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես ենք կորցրել Խծաբերդը. գումարտակի հրամանատարին մի քանի մեղադրանք է առաջադրվել