ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ–ում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի համար շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս մասին ՄԻՊ–ը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում` ուղերձ հղելով Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ։
Նշենք, որ այդ օրը մարդկությունը նշում է 2013 թվականի հուլիսի 30-ից սկսած։
«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ»,– նշել է Գրիգորյանը:
Նա կոչ է արել ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվել ու գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
ՀՀ ՄԻՊ–ի խոսքով` անհրաժեշտ է մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորում կանխել, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնականացում, աջակցություն ու պաշտպանություն իրականացնել` համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները:
ՄԻՊ–ի պնդմամբ` հատկապես կանայք և երեխաները շարունակում են մնալ թիրախավորված։ Կանանց տնտեսական կայունության բացակայությունը, նրա խոսքով, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:
Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։
Նա նաև նշել է, որ մարդկանց թրաֆիքինգը կամ այսպես կոչված մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։
Կարևորվել են նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավները` հատկապես կանանց, երեխաների, ապաստան հայցողների և փախստականների շրջանում: