Սերգեյ Լեսկով, Sputnik
Կրեդիտային քարտերով տուրերը գնալով ավելի տարածված են դառնում
Սկզբում՝ պատվաստման նպատակով, հետո՝ վերականգնողական (COVID-19-ից հետո), այժմ էլ` քարտային տուրեր։ Վերջին տարիների ընթացքում ռուսական տուրիստական գործակալությունների գնացուցակում «հանգստի» համար նոր ուղղություններ են հայտնվել։ Visa և Mastercard բանկային քարտերով ճանապարհորդությունը, թերևս, ամենաթարմ տուրիստական առաջարկն է:
Նման տուրերի վաճառքները սկսվել են այս տարվա մարտ ամսին, այն բանից հետո, երբ միջազգային վճարային համակարգերը հեռացան Ռուսաստանից։ Ռուսական «Վեդի Գրուպ»-ում, որն առաջիններից էր, որ առաջարկել էր զբոսաշրջիկներին այս ծառայությունը, ասել են, որ նման ուղևորությունները ռեկորդներ չեն սահմանում, բայց որոշակի պահանջարկ են վայելում։
«Մեր ընկերությունն այսօր հաշիվ բացելու համար ուղևորություններ է առաջարկում Ուզբեկստան, Հայաստան, Սերբիա։ Բայց, օրինակ, Բելգրադ այժմ դժվար է հասնել։ Նախ` տոմսերը թանկ են, ու նույնիսկ Մոսկվայում դրանք դժվար է գնել, երկրորդը՝ Սերբիայում քարտի ձևակերպման ընթացակարգը տևում է առնվազն մեկ շաբաթ, ավելի շատ փաստաթղթեր են պահանջվում, քան առաջին երկու երկրներում»,- ասում են «ՎԵԴԻ Գրուպ»-ի մենեջերները։
Հայաստան և Ուզբեկստան գնալն ավելի շահավետ է
Հիմնական ուղղությունները, որոնք ռուսաստանցիները նախընտրում են քարտային ուղևորությունների համար, ձևավորվել են գրեթե անմիջապես։ Բացարձակ առաջատարներն են Հայաստանն ու Ուզբեկստանը։ Փորձագետները պարզաբանումեն՝ էժան է, հուսալի և արագ։
Երկու երկրներում էլ անհրաժեշտ կլինեն միայն արտասահմանյան անձնագրերի պատճենները, իսկ Հայաստանում՝ վերջին տարվա եկամուտների մասին լրացուցիչ տեղեկանք։ Բացի այդ, Երևանի բանկում կարելի է հաշիվ բացել առնվազն հինգ օր անց, իսկ Տաշքենդում՝ երկու օր:
«Քարտային» զբոսաշրջիկներն ավելի շատ կլինեն
Տուրինդուստրիայի ռուսական միության տեղեկատվության համաձայն՝ այսօր մեկ շաբաթվա ընթացքում միջին հաշվով տուրօպերատորները ստանում են 100-ից 150 քարտային տուրերի հայտ:
Հատկանշական է, որ OneTwoTrip-ի առցանց ճանապարհորդական ծառայության տվյալներով՝ և՛ Հայաստանը, և՛ Ուզբեկստանը ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղությունների եռյակում են հայտնվել օգոստոսի համար նախատեսված տուրերով: Համացանցում որոնման մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 9,8% ու 9,5%։
Վարկանիշը գլխավորել է Թուրքիան՝ 20,3% արդյունքով, իսկ տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 2,6%։
Տուրինդուստրիայի ռուսական միության մասնագետները կանխատեսում են, որ «քարտային տուրերի» նկատմամբ հետաքրքրության ամենամեծ աճը կլինի աշնանը: Փորձագետների կարծիքով՝ սա եղանակային պայմանների տեսանկյունից ուղևորության համար առավել բարենպաստ ժամանակն է։