ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իսպանիայի դատախազությունը դատարանից պահանջում է կոլումբիացի երգչուհի Շակիրային ավելի քան 8 տարով ազատազրկել հարկերից խուսափելու համար։ Տեղեկությունը հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Դատախազությունը նաև պահանջում է դատարանից արտիստին տուգանել 23 միլիոն եվրոյով։ Շակիրան մեղադրվում է պետական բյուջեի դեմ ուղղված միանգամից վեց հանցագործության մեջ։ Երգչուհուն կասկածում են 2012-ից 2014 թվականներին հարկերից խուսափելու մեջ, խոսքը 14,5 մլն գումարի մասին է։
Մեղադրող կողմը նշում է, որ Շակիրան հիմնականում ապրել է Բարսելոնայում իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Իսպանիան ուղղակի ապացույցներ չունի, որ նա տարեկան ավելի քան 183 օր է անցկացրել Իսպանիայում՝ այն ժամանակահատվածը, որից հետո անձը ավտոմատ կերպով դառնում է Իսպանիայի հարկատու։
Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը երգչուհուն առաջարկել էր գործարք կնքել, սակայն Շակիրան մերժել էր։ Նա իրեն անմեղ է համարում։ Երգչուհու խոսքով՝ ինքը պարտքեր չունի իսպանական իշխանություններին, քանի որ նախկինում վճարել էր ավելի քան 17 միլիոն եվրո, որը իրենից պահանջել էին։
Նշենք, որ երգչուհի, երգահան, պրոդյուսեր, ինչպես նաև պարուհի և պարուսույց Շակիրան հաջողությունների է հասել ինչպես իսպանախոս, այնպես էլ անգլախոս երաժշտական շուկայում։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2001 թվականին իր հինգերորդ՝ Laundry Service ալբոմով և գլխավոր սինգլով՝ Whenever, Wherever։ Շակիրան համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ վարձատրվող արտիստներից մեկը։