ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:
Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ:
Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջյանը և Նարեկ Դավթյանը:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 19 մարզիկներով, որոնք կպայքարեն 7 մարզաձևում:
Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա ատլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինտոն, և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում: