ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչները կամաց-կամաց քչացնում են այն բանջարեղենները, որոնք ամեն տարի ցանում էին իրենց այգիներում։ Ավելին, կան գյուղացիներ, որոնք քանդել են իրենց այգիները. պատճառը մեկն է` ոռոգման ջրի լուրջ խնդիր կա համայնքում։ Մի քանի օր առաջ Ակնալճի բնակիչները փակել էին ճանապարհը և բողոքի ակցիա էին անում. Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ` տեղի բնակիչներին լսելու։
82-ամյա Սաշա Բաղդասարյանը վկայում է` իր այգում լոլիկ, վարունգ, պղպեղ, լոբի, սմբուկ ունի, որոնք, սակայն, 4 օր է` չի ջրել։
Ակնալճի բնակիչ Սաշա Բաղդասարյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Էս տարի ջուրն էնքան քիչ է եղել, որ չենք կարողացել նորմալ ջրել։ 3 օրը մեկ են ջուր տալիս, մի քանի ժամով` բնականաբար, բոլորին չի, որ հասնում է։ Իմ բախտը բերել է` խողովակն իմ հողի միջով է անցնում, կարողանում եմ մի քիչ ջրել։ Բայց եթե ամեն անգամ ես ջուրը բացեմ, իմ վերևի 2 հարևանները չեն կարողանա ջուր վերցնել։ Ամեն տարի ասում եմ` չեմ ցանելու ոչինչ, բայց ինչո՞վ զբաղվեմ` էլ ի՞նչ գյուղացի առանց վար ու ցանքի»,-ասում է Սաշա պապը։
Նա հավելում է, որ հարևանից է պարտքով սածիլ վերցրել այն հույսով, որ բերքը կվաճառի, կտա։ Սակայն նման հույս չկա, քանի որ բերքի կեսն արդեն ցամաքել, չորացել է։
Ակնալճի չորացած բերքը
© Sputnik / Aram Nersesyan
Սրան գումարած, արդեն շուրջ մեկ ամիս է` Ակնալճում ամեն օր 4-5 ժամ հոսանքն էին անջատում. Սաշա պապի խոսքով` դաշտերում բաց լարեր կային, որոնք քամու հետևանքով իրար էին կպնում և կարճ միացման պատճառով հոսանքը գնում էր։ Սակայն օրեր առաջ հոսանքի խնդիրը լուծվել է, իսկ ոռոգման ջրից, ըստ Սաշա պապի, հույս չկա։
Մեկ այլ բնակիչ` Հոմերոս Ստեփանյանը, այգիներ ունի, որի համար 1.5 մլն դրամ վարկ են վերցրել և լոլիկ, խաղող, ծիրան, խնձոր ու դեղձ է աճենում։ Ստեփանյանը լսել է իշխանության խորհուրդն ու անցել կաթիլային ոռոգման, սակայն այս դեպքում էլ ջրի խնդիր կա` հողը չորացել, ճաքճքել է։
Ակնալճի բնակիչ Հոմերոս Ստեփանյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Կաթիլային ոռոգման ենք անցել, բայց դրա ջուրն էլ 10-15 օրը մեկ են տալիս։ Ես, օրինակ, 4-5 օր առաջ եմ ջրել այգիս, չնայած երբ բերքը վրան է լինում, պետք է եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ ջրես այն։ Քիչ ջրելը բերքի որակի վրա էլ է ազդում` բերքն ավելի փոքր է լինում, ավելին, լոլիկի ծաղիկները կարող են շոգից թափվել և բերք չդառնալ»,- ասում է Ստեփանյանը։
Ակնալիճի չորացող բերքը
© Sputnik / Aram Nersesyan
Նա ցույց է տալիս լոլիկի թփերը, որոնց վրա առատ բերք կա, սակայն չգիտի` բերքի որակը կբավարարի՞ այն վաճառելու համար, թե ոչ։ Նշում է` իրենք որոշել էին բերքը ծախել, ոչ թե չորացնել։ Թե երբ կունենան ջուր, Ստեփանյանը չգիտի, անգամ հումորով է մոտենում` ասելով. «աչքիս անձրևն ավելի շուտ կգա»։
Ակնալճի բնակիչ Լևուշ Ֆիդանյանը քանդել է իր խաղողի այգիները, քանի որ հոգնել էր ամեն տարի նույն խնդրի առջև կանգնելուց` գումար ներդնել, չարչարվել, իսկ վերջում դատարկ նստել։ «Մի քանի տարի է` պարապ տեղը հողի հարկ եմ տալիս, ինչ անեմ։ Տարածքում, որտեղ իմ խաղողի այգիներն էին, խորքային հոր է եղել։ Դրա շարժիչը վառվել էր, հանեցին, ու հորը փակվեց։ Հողերս չեմ ուզում վաճառել, քանի որ մտածում եմ` երկիր է, գուցե և դզվի, չնայած ես չեմ տեսնի»,- ասում է Ֆիդանյանը։
Լևուշ Ֆիդանյանը իր քանդած խաղողի այգու տեղում
© Sputnik / Aram Nersesyan
Նա հավելում է, որ հիմա ծիրանի և դեղձի 50 ծառ ունի, որոնք այս տարի «մի ջուր է ջրել»։ Ֆիդանյանի ընտանիքը համոզում է այգեգործությունը թողնել, այլ գործով զբաղվել, սակայն նա դեռ տեղի չի տալիս։ Ֆիդանյանը տխրությամբ է նշում` օրեր առաջ գնացել է կանաչի գնելու և ամոթով է մնացել վաճառողի մոտ` ո՞վ է տեսել գյուղացին կանաչի գնի։
Ի դեպ, մինչ մենք այգիներում զրուցում էինք գյուղացիների հետ, տեղում արտեզյան հորերի հետ կապված աշխատանքներ էին իրականացնում. Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը վստահեցնում է` ոռոգման ջրի խնդիրը, որը կապված էր հոսանքի հետ, լուծվել է այսօր, սակայն դա չի նշանակում, որ համայնքում այսուհետ բոլորը ոռոգման ջուր կունենան։
Ակնալիճ համայնքի չորացող բերքը
© Sputnik / Aram Nersesyan
«Գյուղը մի քանի սնող աղբյուրներ ունի` ստորին Հրազդան ջրանցքը, Սև ջուր գետի պոմպակայանը և խորքային հորերը։ Գետը չորացել է, պոմպակայանն էլ, բնականաբար, չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։ Իսկ ստորին Հրազդանի ջրանցքի դեպքում ամենավերջի կետը մեր գյուղն է, և բնականաբար, մյուս գյուղերը ջրում են, մեզ վերջում է ջուր հասնում։ Իսկ այն տարածքները, որոնք սնվում են խորքային հորերից, եթե հոսանքի ընդհատում չլինի, նորմալ ջուր կունենան»,- ասում է Միսակյանը։
Այս ամենին գումարվում է նաև խմելու ջրի խնդիրը. Միսակյանը հայտնում է` քանի որ ոռոգման ջուրը չի բավարարում տնամերձերը ջրելու համար, բնակիչները ոռոգման նպատակով խմելու ջրից են օգտվում։ Այդպես, բազմաբնակարան շենքերին խմելու ջուրը չի բավարարում և երկրորդ, երրորդ հարկերում ջուր չի լինում։
Ակնալիճ համայնքը
© Sputnik / Aram Nersesyan
Համայնքի ղեկավարը կարծում է, որ խնդիրները կարող են լուծվել մեկ ճանապարհով` վթարային խորքային հորերը, որոնք նախկինում շահագործվել են, իսկ հետխորհրդային ժամանակահատվածում գողացվել պետությունից, պետք է վերականգնվեն։